IV. ԱՄՆ-Ի ԵՎ ԱՆԳԼԻԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ
«Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ» իրադարձությունների զարգացումը հիմք է տալիս եզրակացնելու, որ Լուրյեի «Պատմական ազգաբանությունը» պատրաստվել է տվյալ մենագրությունը 1997 թվականին «Բաց հասարակության» ինստիտուտի աջակցությամբ հրատարակվելուց շատ ավելի վաղ, և նեցուկ է հանդիսացել Հայաստանում իշխանության բռնազավթմանը, անգլիական դիվանագիտության «արևելյան» ծրագրերի հետագա իրագործմանը:
Լուրյեի վերլուծությունը իրականացված է պատմական և ազգագրական նյութի բավարար իմացությամբ, հայերի արքետիպի և ազգային հոգեբանության առանձնահատկությունների ուսումնասիրության հիմքի վրա՝ սոցիալական հոգեբանության, ազգագրության, պատմության, բանասիրության և այլ ոլորտների տեղական մասնագետների ակտիվ օժանդակությամբ: Արդյունքում վերհանվել են Երևանի բացառիկության ցավագին կետերը, որոնք բացահայտում են «տվյալ ուրբանիստական կառույցի» անբավարար ամրությունը և կոռոզիայի ենթարկվելու հավանականությունը: Այստեղ, հանուն ճշմարտության, պետք է նշել, որ տեղի մասնագետները, ցուցաբերելով իրենց անկեղծ օգնությունը «ռուս հայուհուն», ինչպես իրեն կոչում է Լուրյեն, չէին գիտակցում, որ նրա պրպտումները կարող են օգտագործվել ի վնաս Հայաստանի:
Իշխանությունը բռնազավթած ՀՀՇ-ականները սկսեցին Սովետական Հայաստանի խորհրդանիշների ոչնչացման քաղաքականությունից՝ Սովետական Հայաստանի զինանշանը, դրոշը և օրհներգը փոխարինվեցին «նոր» զինանշանով, դրոշով և օրհներգով (ըստ էության` 1918-1920 թթ. Հանրապետության զինանշանով, դրոշով և օրհներգով):
ՍՍՀՄ-ի գորբաչովյան փլուզման շվայտանքը՝ «արագացում», «վերակառուցում» և «պլյուրալիզմ» հայտնի կարգախոսներով, աննախադեպ թափով շարունակվում էր նաև Հայաստանում:
Սկզբնական փուլում իշխանությունը հանրապետությունում իրականացվում էր Գերագույն խորհրդին առընթեր հանձնաժողովների միջոցով, սիրողական մակարդակով: Հիմնականում ստեղծվել էին «պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը» և «աղետի գոտու օգնության հանձնաժողովը»: Երկրորդը՝ կենսաբանության լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Խ. Ստամբոլցյանի լայն լիազորություններով: Մեծամասշտաբ երկրաշարժից հանրապետության տուժած քաղաքացիներին տարատեսակ օգնություն ցուցաբերելու պատրվակով, Հայաստան հորդեց չվերահսկվող արտասահմանցիների հոսք, որոնց համար անցաթուղթ էր ծառայում Ստամբոլցյանի ստորագրությամբ թղթի կտորը: Դրանով հանդերձ, հանրապետության հատուկ ծառայություններն ամբողջովին անտեսված էին:
Արդյունքում Հայաստանում հայտնվեցին մեծ թվով կասկածելի արտասահմանցիներ, որոնց գործունեությունը միանգամայն անվերահսկելի էր:
1988 թվականի դեկտեմբերի 7-ին հանրապետությանը պատուհասած տասնյակ, հազարավոր կյանքեր խլած, ահավոր երկրաշարժի պատճառով բնակչությունն ապրեց «բարոյա-հոգեբանական ցնցում»: Միաժամանակ, Ադրբեջանից Հայաստան հորդեց կոտորածից հրաշքով փրկված փախստականների հոսք: Այդ ամենին գումարվեցին քաղաքական վայրիվերո փոփոխությունները, որոնք փշրեցին գոյություն ունեցող պատկերացումները կենցաղավարության վերաբերյալ: Սոցիալ-կենցաղային հիմքերը փլուզվում էին մինչ այդ հզոր տերության համապատկերում, որի անխորտակելությունը որևէ կասկածի ենթակա չէր: Այդ ամենը բացասաբար անդրադարձավ ազգի, նախ և առաջ, երևանցիների հոգեկան առողջության վրա:
Երկրաշարժից տուժած քաղաքացիներին բարոյահոգեբանական օգնություն ցուցաբերելու պատրվակով, հանրապետությունում հայտնվեց աղանդավորական կազմավորումների որոշակի քանակություն, որոնք ակտիվորեն ձեռնամուխ եղան իրենց շարքերի համալրմանը` Հայաստանի բնակիչներ հավաքագրելով, օգտագործելով նաև նյութական խրախուսանքներ:
Նախ տարածում գտան միստիկ աղանդավորական կազմավորումները, որոնց նոր իշխանությունը ընդարձակ լսարաններ տրամադրեց Երևանի բուհերում՝ զանգվածային մեդիտացիաներ անցկացնելու համար, իբրև թե տուժած քաղաքացիների «սթրեսը հանելու» և «հոգեբանական օգնության» նպատակով (առաջին «մեդիտացիաները» իրականացվեցին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի խոշոր դահլիճներում):
Այդ փուլից սկսած տարբեր աղանդավորական կազմավորումների մետաստազներն իրենց կպչուն շոշափուկներով տարածվեցին ամբողջ Հայաստանով մեկ: ՀՀՇ-ն ակտիվորեն խթանեց նման կազմավորումների գործունեությունը, իբրև թե հանրապետության բնակչությանը հոգեբանական օգնություն ցուցաբերելու՝ սթրեսային երևույթները հանելու նպատակով: Դա միջնորդավորված օգտագործվում էր Հայաստանի քաղաքացիների գիտակցությունից կոմունիստական գաղափարախոսությունը վանելու, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու նշանակությունը նվազեցնելու համար:
Տեղի ունեցան հայկական եկեղեցին վիրավորելու փորձեր, որոնք տարածում չգտան բնակչության լայն զանգվածների շրջանում միայն Ամենայն հայոց կաթողիկոս, երջանկահիշատակ Վազգեն Առաջինի բացառիկ հոգևորության շնորհիվ:
Հայ եկեղեցու վրա հարձակումները պատահական չէին: Նպատակաուղղված ագրեսիվությունն ուներ իր գիտական հիմնավորումը: Ինչպես նշվում է Ս. Լուրյեի մենագրության մեջ. «Վերջին հարյուրամյակներում հայերին բնորոշ է էթնիկ և կրոնական ինքնանույնացման գործնական միաձուլումը: Երկար ժամանակ բոլոր հայերին միավորող գլխավոր ուժը եղել է եկեղեցին, որն օգտվել է որոշակի քաղաքական ինքնուրույնությունից: Գրականության մեջ նույնիսկ հանդիպում է կարծիք, թե հայերի ամբողջ քաղաքական կյանքը «ընդհանուր ղեկավարվում է հայկական աստվածպետության կողմից»: Եկեղեցին հայերի ինքնաճանաչողության կարևորագույն հիմքերից մեկն է: Հարյուրամյակներ շարունակ նա պահպանել է իր լիարժեք զատվածությունը արևելա-քրիստոնեական մյուս եկեղեցիներից և զգալիորեն խոչընդոտել է հայերի և՛ մշակութային փոխազդեցությանը հարևան ժողովուրդների հետ, և՛ ձուլմանը: Հնարավոր է, այդ եկեղեցական ինքնամեկուսացումն է հանգեցրել այն բանին, որ այն ժամանակ, երբ այլ ժողովուրդների համար էթնիկ ինքնանույնացումը պակաս նշանակություն ուներ, քան մշակութայինը, պետականը, կրոնականը, հայերն առանձնացրին իրենց որպես ժողովուրդ: Կրոնական ինքնանույնականացումը, տվյալ դեպքում, համընկավ էթնիկականին և պայմանավորեց այն»:
Ի՞նչ նշանակություն ուներ հայերի համար էթնիկ և կրոնական ինքնանույնականացման գործնական միաձուլումը, որն ազգերի ինքնանույնականացման կարևորագույն հիմքերից մեկն է: Նրա հիմքում դիմակայումն է համաշխարհայնացման գործընթացներին, որոնք ներդրվում են միջազգային իմպերիալիզմի կողմից ժողովուրդներին շահագործելու նպատակով՝ «փողի իշխանության սեղմօղակների միջոցով ճորտացնելու» օգնությամբ: Այստեղից՝ հարձակումները Հայ Առաքելական եկեղեցու դեմ, որն իր գոյությամբ հակազդում է աղանդավորական կազմավորումների կողմից կոսմոպոլիտիզմի և համաշխարհայնացման գաղափարների տարածմանը:
1990-ական թվականների հարձակումները և ոտնձգությունները Հայոց եկեղեցու դեմ սպասված արդյունքը չտվեցին, սակայն տարբեր հոսանքներ ներկայացնող աղանդների տարածումը, որոնք հիմնականում վերահսկվում են ԱՄՆ ԿՀՎ-ի կողմից, բնակչության շրջանում, այդ թվում, օգտվելով հանրապետության քաղաքացիների նյութական աղետալի վիճակից, շարունակվում է առայսօր:
ԱՄՆ ԿՀՎ-ի ազդեցության ներդրումը Հայաստանում իրականացվեց անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, որը սկսեց Երևանի վաճառքը ՀԼԿԵՄ կենտկոմի շենքը ԱՄՆ դեսպանատանը հանձնելուց, որտեղ հանգուցալուծվում են կապի բոլոր մալուխները, այդ թվում, ամենագաղտնի (պաշտպանված)՝ նախատեսված հանրապետության խիստ սահմանափակ քանակի ղեկավարների համար: Այդպիսով, ԱՄՆ-ն հնարավորություն ստացավ վերահսկելու Հայաստանի Հանրապետության տարածքում տեղեկատվական հաղորդակցության ամբողջ համակարգը:
Որպես այդ քաղաքականության շարունակություն, նրանց փոխանցվեց նաև, կապի միևնույն գծի վրա գտնվող, Ստեփան Շահումյանի անվան Համագումարների պալատի շենքը, որն օգտագործվում է Ամերիկյան համալսարանի կողմից: Ինչպես հայտնի է, նման ուսումնական հաստատություններն ԱՄՆ ԿՀՎ-ն օգտագործում է երրորդ երկրներում՝ տարբեր ոլորտների մասնագետներ պատրաստելու և մշակելու, նրանց ակտիվորեն օգտագործելու ԱՄՆ գաղութատիրական քաղաքականության՝ «պանամերիկանիզմի» նացիստական գաղափարախոսությունը տարածելու նպատակով:
Նույն կապուղիների վրա Մեծ Բրիտանիայի դեսպանատանը հատկացվեց Մարշալ Բաղրամյանի (արդեն նախկին) որպես թանգարան նախատեսված ամառանոցային առանձնատունը:
Այդպիսով, ԱՄՆ-ը և Անգլիան հնարավորություն ստացան վերահսկելու բոլոր գաղտնի բանակցությունները: Այսպես կոչված, «Երևանյան լճի» ափին, դեսպանատան նոր շենքի կառուցումից հետո, Հայաստանում կապուղիների վերահսկողությունը պահպանելու նպատակով, հին շենքը մնաց ԱՄՆ-ի իրավասության տակ՝ «Հայ ավետարանական եկեղեցու» ցուցանակի հետևում:
ՈՒշագրավ է այն փաստը, որ Մարշալ Բաղրամյանի պողոտայի հիշյալ գծի վրա են գտնվում Սիրիայի Արաբական Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատները, ինչը հնարավորություն է տալիս Միացյալ Նահանգներին իր մշտարթուն հսկողության տակ պահելու նրանց:
Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայությունները (ՊԱԿ, ԱԱԳՎ, ԱԱՆ, ԱԱԾ) ամբողջովին կապալով տրվեցին ԱՄՆ հատուկ ծառայություններին (ԿՀՎ, ՀՖԲ): Նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի վարչարարության տարիներին ԱՄՆ ԿՀՎ ներկայացուցիչները, հայկական հատուկ ծառայություններում տեր ու տնօրինություն անելիս, դասախոսությունների պատրվակով ակտիվորեն ուսումնասիրում էին օպերատիվ կազմը՝ հետագայում հավաքագրելու հավանականության նպատակով: Այնուհետև, որակավորման բարձրացման անվան տակ, հետևեցին հավաքագրմանն առավել հարմար աշխատակիցների գործուղումները ԱՄՆ և ՆԱՏՕ-ի երկրներ (ինչպես նաև ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող պետություններ):
Միաժամանակ ուսումնասիրվում և հավաքագրվում էին անձինք պաշտոնական և պատգամավորական կազմից՝ բյուրոկրատական ապարատի տարբեր մակարդակներում (նախարարներ և ավելի ցածր) «խորհրդականներ» ներդնելու ճանապարհով. ակտիվորեն կիրառվում է հայ երիտասարդության ներգրավումը ԱՄՆ դեսպանության և Ամերիկյան համալսարանի գործունեության մեջ՝ բարձր աշխատավարձով, նպատակ հետապնդելով, նյութական հիմքի վրա, մշակելու նրանց պանամերիկյան գաղափարների հավատարմության և Հայաստանի շահերին դավաճանելու ոգով:
Դաշնակցական առաջնորդներից մեկի՝ Հրայր Մարուխյանի արտաքսման և «Դրո» ընդհատակյա ահաբեկչական կազմակերպության բացահայտման կապակցությամբ, 1992 թ. հունիսի 29-ին, հանրապետական հեռուստատեսությամբ իր ելույթում, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության գործունեության արգելման մասին Հայաստանի Հանրապետության տարածքում: Այդ ժամանակ (1991-1993 թթ.) նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանն էր, որին Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց փոխարինել, քանի որ նա չէր համապատասխանում ներկայացվող պահանջներին: Այդ պաշտոնին նախագահը մտադիր էր, ըստ Երևանում շրջանառվող լուրերի, իբրև թե, նշանակել Հայաստանի ՊԱԿ-ի նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մ. Ա. Յուզբաշյանին: Այդ ընթացքում Մ. Յուզբաշյանը նշանակվել էր Երևանի քաղաքապետ (1990-1992 թթ.) Համբարձում Գալստյանի խորհրդական, որպես միջանցիկ պաշտոն: Սակայն, Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնին նշանակվեց ԿՀՎ-ի բացահայտված գործակալ, ԱՄՆ քաղաքացի Ժիրայր Սեդրակի Լիպարիտյանը (1991-1994 թթ.՝ Հայաստանի նախագահի խորհրդական ազգային անվտանգության հարցերով, 1993 թ.՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1994-1997 թթ.՝ Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդական, նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար, հատուկ հանձնարարությունների դեսպան):
1993 թ. փետրվարին Մ. Ա. Յուզբաշյանը գլխավորեց Երևանում իր հիմնած մասնավոր «ազգային անվտանգության դպրոցը», որի սաները, մեկ տարվա դասընթացից հետո արդեն իսկ ցուցաբերեցին իրենց որպես գրագետ, ցանկացած ասպարեզում նվիրված քաղաքացիներ, բայց հանրապետության իշխանությունները բացասաբար էին վերաբերվում, այսպես կոչված, «Յուզբաշյանի դպրոցին»:
1993 թ. հուլիսի 21-ին Մ. Ա. Յուզբաշյանը սպանվեց թիկունքին արձակված հրազենային կրակոցից՝ առավոտյան շանը զբոսանքի տանելիս, գեներալի բնակության վայրի մոտակա պուրակում:
ՈՒշագրավ է այն հանգամանքը, որ սպանվելուց երկու շաբաթ առաջ Մարիուս Արամիչը դիմել է «Ղարաբաղ կոմիտեի» նախկին անդամ Իգոր Մուրադյանին, խնդրելով իրեն գաղտնի ուղարկել Արցախ՝ այդ հանրապետությունից հակառակորդին փոխանցվող գաղտնի տեղեկատվության արտահոսքի ուղիները բացահայտելու նպատակով ստուգողական միջոցառումներ իրականացնելու մտադրությամբ: Այնուհետև, Մ. Յուզբաշյանը մեկնեց Մոսկվա՝ իր ղեկավարած «ազգային անվտանգության դպրոցի» երկրորդ ուստարվա համար լրացուցիչ գրականություն ձեռք բերելու նպատակով: Մոսկվայից վերադարձի օրը (հուլիսի 20-ին) հանրապետության հեռուսատատեսության առաջին ալիքով տեսագրվեց նրա հետ հարցազրույց իր ղեկավարած դպրոցի մասին, իսկ հաջորդ օրն առավոտյան նա զոհվեց մարդասպանի ձեռքով: Սպանությունը բացահայտված չէ:
Դրանից ոչ շատ առաջ, 1993 թ. մայիսի 3-ին, զոհվեց հայկական երկաթուղու պետ, իր սկզբունքայնությամբ հանրապետությունում ճանաչված Համբարձում Աղասիի Ղանդիլյանը, ում նկատմամբ նոր իշխանություններն առանձնապես բարեհաճ չէին: Աշխատանքի գնալիս անհայտ անձինք ինքնաձիգներից գնդակոծեցին նրա ծառայողական ավտոմեքենան: Նրա հետ միասին սպանվեց նաև «Հայտրանսշին» տրեստի կառավարչի տեղակալ, պահեստի գեներալ-մայոր Ժորա Գրիգորի Իսահակյանը: Սպանությունը բացահայտված չէ:
1994 թ. ապրիլի 15-ին, իր տան շքամուտքում, դիմահար կրակոցներից սպանվեց հայ գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Վարդգես Համազասպի Պետրոսյանը: Ներքին գործերի նախարար, «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Վանո Սիրադեղյանը հանդիսավորապես երդվեց գտնել հանցագործին (կամ հանցագործներին), հայտարարելով, որ դա «պատվի գործ» է: Հանցագործությունը բացահայտված չէ:
1994 թ. դեկտեմբերի 17-ին հրազենից սպանվեց «Ղարաբաղ կոմիտեի» անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանը, որի կինը հայտարարեց, որ ամուսնուն սպանել են նոր իշխանությունները: Սպանությունը բացահայտված չէ:
(շարունակելի)
Ռուսերենից թարգմանեց
Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆԸ